Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...